Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում նա հայտարարել է Թուրքիայում առաջնորդների մակարդակով ռուս-ուկրաինական գագաթնաժողով անցկացնելու իր պատրաստակամության մասին, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Էրդողանի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի համար և հույս է հայտնել, որ հաջորդ փուլերում հրադադարի վերաբերյալ նշանակալի արդյունքներ կգրանցվեն՝ երկարատև խաղաղության հասնելու ճանապարհին։

Նա հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է առաջնորդների մակարդակով գագաթնաժողով անցկացնել։

Նրա կարծիքով՝ ռազմական, մարդասիրական և քաղաքական ոլորտներում աշխատանքային խմբերի ստեղծումը կհարթի ճանապարհը գագաթնաժողովի համար։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։