Հզոր «Պոդուլ» թայֆունը հասել է Թայվանի հարավարևելյան ափեր, տեղի իշխանություններին ստիպելով փակել դպրոցներն ու պետական հիմնարկները, հայտնում է Associated Press-ը չորեքշաբթի օրը։
Գործակալության տվյալներով՝ թայֆունը Թայթունի գավառ է հասել կեսօրից հետո, այնուհետև սկսել է շարժվել կղզու հարավային մասով՝ մոտ 36 կմ/ժ արագությամբ։ Այն նաև ազդել է Թայբեյից հարավ գտնվող շրջանների վրա։
Սինոպտիկների կանխատեսմամբ՝ այն արդեն ցերեկը պետք է անցնի կղզին, հասնելով Թայվանի նեղուցին և մայրցամաքային Չինաստանին։
Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան: Փրկարարական ծառայությունները բարձր պատրաստվածության են բերվել:
Ակնկալվում են ուժեղ քամիներ և բարձր ալիքներ, սակայն պարզ չէ, թե որքան վնաս կարող է հասցնել թայֆունը, այդ թվում՝ գյուղատնտեսական հողերին։
Գործակալությունը հիշեցնում է, որ վերջին շաբաթներին կղզու կենտրոնական և հարավային շրջանները լրջորեն տուժել են ուժեղ անձրևներից, որոնք վնասել են բերքը և հանգեցրել էլեկտրաէներգիայի անջատումների:





























