ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը։
«Շուտով կխոսեմ եվրոպական առաջնորդների հետ։ Նրանք հիանալի մարդիկ են, ովքեր ցանկանում են, որ գործարքը կնքվի»,- գրել է նա չորեքշաբթի օրը Truth Social սոցցանցում՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ եվրոպական առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։
Չորեքշաբթի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ Ուկրաինայում խաղաղության հարցով առցանց գագաթնաժողով կանցկացվի՝ Թրամփի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, եվրոպական պետությունների ղեկավարների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ:
Այս առցանց գագաթնաժողովը տեղի է ունենում օգոստոսի 15-ին՝ ամերիկացի առաջնորդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպման կապակցությամբ։
Politico-ն ավելի վաղ հայտնել է, որ եվրոպացի առաջնորդները ակնկալում են այս հանդիպմանը հասկանալ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ։ Սակայն, ըստ Politico-ի՝ Եվրոպայում շատերը կասկածում են, որ օգոստոսի 13-ին նախատեսված խորհրդակցությունները որևէ արդյունք կտան։
Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը կոչ է արել Ուկրաինային պրագմատիկ լինել իրավիճակի հարցում։ «ԱՄՆ-ն խնդրում է նրանց իրատես լինել այն հարցում, թե ինչ կարող են անել իրենց ունեցած մարտական ուժերով», - հաղորդել է Politico-ն՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։





























