Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարները չորեքշաբթի Անկարայում անցկացրած բանակցություններից հետո ռազմական պատրաստության և խորհրդակցությունների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Երկու հարևան երկրներն ամիսներ շարունակ բանակցություններ են վարել համապարփակ ռազմական համագործակցության համաձայնագրի շուրջ՝ դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո։
Իրենց հերթին, Ֆրանսպրես գործակալությանը հաղորդում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և նրա սիրիացի գործընկեր Ասադ աշ-Շաիբանին չորեքշաբթի Իսրայելին կոչ են արել «Սիրիայում քաոս չսերմանել» և պահանջել են դադարեցնել երկիրը ապակայունացնելուն ուղղված բոլոր արտաքին միջամտությունները։
«Որոշ դերակատարներ մտահոգված են Սիրիայում դրական զարգացումներով»,- Անկարայում Ասադ աշ-Շաիբանիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ նկատի ունենալով Իսրայելին և Սիրիայի հյուսիս-արևելքում գործող քրդական YPG մարտիկներին։
«Իսրայելն այժմ այս մռայլ պատկերի ամենամեծ դերակատարներից մեկն է,- նշել է նա անցյալ տարվա վերջին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո շարունակվող Իսրայելի ռազմական ներխուժումների մասին։ -Սիրիայում քաոսի առաջացումը… կարծես թե դարձել է Իսրայելի ազգային անվտանգության առաջնահերթություն»։
Նրա կողքին կանգնած Շաիբանին ևս զգուշացրել է Սիրիայում քաոս սերմանելու փորձերի դեմ։
«Մենք բախվում ենք նոր մարտահրավերների, որոնք ոչ պակաս վտանգավոր են, քան պատերազմի ժամանակ մեր առջև ծառացածները, և գլխավորը Իսրայելի կրկնվող սպառնալիքներն են… օդային հարվածների միջոցով»,- ասել է նա։
Ֆիդանը նշել է, որ «Սիրիայում իրավիճակը անկայունացնելու փորձերը հստակորեն դրսևորվել են մարտ ամսին Լաթաքիայի ափամերձ ալավիական շրջանում տեղի ունեցած արյունահեղության և վերջերս տեղի ունեցած լայնածավալ բռնության մեջ, որն ընդգրկել է դրուզներով բնակեցված հարավարևմտյան Սուեյդա նահանգը և քրդերով գերակշռող հյուսիսարևելքը։
«Լաթաքիայում և Սուեյդայում տեղի ունեցած իրադարձությունները և YPG-ի (սիրիական պետության մեջ) ինտեգրման ձախողումը վկայում են այն խնդիրների և խոչընդոտների մասին, որոնք խանգարում են ընթացքի մեջ գտնվող դրական գործընթացին»,- ասել է նա։
Աշ-Շաիբանին ասել է, որ «արտաքին գործիչները սրում են անկարգությունները Սիրիայում»։
«Մենք բախվում ենք նաև բազմաթիվ արտաքին միջամտությունների՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի... (որոնք) երկիրը մղում են դեպի կրոնական և տարածաշրջանային բախումներ»,- ասել է նա՝ առանց մանրամասնելու, միաժամանակ զգուշացնելով ձեռնպահ մնալ «այստեղ տեղի ունեցողը շահարկելու ցանկացած անխոհեմ փորձից»։





























