Եվրոպացի առաջնորդների այսօրվա հանդիպումից առաջ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին, որը տեղի կունենա այս շաբաթավերջին։

Բեսենթը Bloomberg TV-ին տվաած հարցազրույցում նշել է, որ «բոլորը հիասթափված են Պուտինից», միաժամանակ ենթադրել է, որ հիմա «կարծես թե նա կարող է պատրաստ լինել բանակցելու»։

«Նախագահը լավագույնն է իր համար լծակներ ստեղծելու հարցում, և նա նախագահ Պուտինին կակնարկի, որ բոլոր տարբերակները սեղանին են»,- պարզաբանել է նա։ Միաժամանկ Բեսենթը զգուշացրել է, որ եթե բանակցություններն ըստ նախատեսվածի չընթանան, «այդ դեպքում կարող են պատժամիջոցներ կամ լրացուցիչ մաքսատուրքեր կիրառվել»։

Նա հավելել է, որ Եվրոպան ևս պետք է պատրաստ լինի լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

«Մեզ անհրաժեշտ է, որ եվրոպացիները գան և օգնեն ստեղծել ավելի մեծ լծակներ»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։