Էստոնիայի ԱԳՆ-ն չորեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, Տալլինում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարին անցանկալի անձ է հայտարարել և պահանջել է, որ դիվանագետը լքի երկիրը, հաղորդում է ERR-ը։

Որոշումը պաշտոնական նոտայի հետ միասին ուղարկվել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, հայտնել են է Էստոնիայի արտգործնախարարությունից։

ԱԳՆ տվյալներով՝ ռուսաստանցի դիվանագետն անմիջականորեն և ակտիվորեն ներգրավված է եղել Էստոնիայի սահմանադրական կարգի և իրավական համակարգի խաթարման, հասարակության պառակտման և պետության դեմ հանցագործությունների կատարմանը նպաստելու, ներառյալ՝ պատժամիջոցների ռեժիմի մի քանի խախտումների մեջ։

Արտգործնախարար Մարգուս Ցախնան (Eesti 200) հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանատան մշտական միջամտությունը Էստոնիայի ներքին գործերին պետք է դադարեցվի։

«Արտաքսումը հստակ ազդանշան է. օտարերկրյա պետության կողմից համակարգված և կազմակերպված գործողությունների համար մեր երկրի տարածքում տեղ չի լինի»,- ընդգծել է նախարարը։

ԱԳՆ-ն նշել է, որ որոշումն ընդունվել է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածին համապատասխան, որը թույլ է տալիս ընդունող պետությանը դիվանագիտական աշխատակիցներին առանց բացատրության անցանկալի անձ հայտարարել։