Լեհաստանի ազգային դատախազությունը չորեքշաբթի հայտարարել է, որ մեղադրանք է առաջադրել երեք լեհերի և երեք բելառուսների՝ «օտարեկրյա հետախուզական ծառայությունների օգտին սաբոտաժի գործողությունների համար։
Դատախազությունը չի ճշտել, թե որ երկիրն է պատասխանատու խմբի գործունեության համար։ Սակայն գերատեսչության մամուլի խոսնակ Պշեմիսլավ Նովակը Ֆրանսպրես-գործակալությանը հայտնել է, որ կասկածյալներից մեկը՝ Ստեպան Կ.-ն, նախկինում մեղադրվել է ռուսական հետախուզության օգտին դիվերսիոն գործողությունների կատարելու մեջ։
Նշված անձինք մեղադրվել են «Լեհաստանի Հանրապետության տարածքում դիվերսիաներ կազմակերպելու և իրականացնելու, զենքի և թմրանյութերի անօրինական շրջանառության, ինչպես նաև այլ քրեական հանցագործությունների մեջ»,- ասված է դատախազության հայտարարության մեջ։
Օտարերկրյա գործակալների նպատակն էր, ենթադրաբար, «սոցիալական անկարգություններ առաջացնել և անօգնականության զգացում ստեղծել պետական մարմինների շրջանում՝ դիվերսիա և սաբոտաժ իրականացնելու միջոցով»։
Կասկածյալների խումբը, ենթադրաբար, մասնակցել է Գդանսկում և Վարշավայի արվարձան Մարկիում պահեստների վրա երկու հրկիզման՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների պավերով։
Ըստ Նովակի՝ նշված անձինք կասկածվում են նաև Ուկրաինայից Լեհաստան զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։
«Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր մենք, անշուշտ, նկատել ենք նման դեպքերի թվի աճի միտում»,- ասել է նա՝ անդրադառնալով օտարերկրյա գործակալներին առնչվող հետաքննություններին։
Անցյալ ամիս Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը լրագրողներին հայտնել է, որ Լեհաստանում մինչ օրս ձերբակալվել է 32 անձ, որոնց կասկածում են «ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու» մեջ





























