Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում որոշեց Ներքին գործերի նախարար Արփինե Հովհաննիսյանի համար նոր, 125 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա գնել։

Կառավարությունն այս որոշումը պարզաբանում է հետևյալ կերպ, որ ՆԳ նախարարին ներկայումս սպասարկող տրանսպորտային միջոցը թողարկվել է 2014 թվականին, տրանսպորտային միջոցի վազքն արդեն գերազանցել է 350․000 կմ-ը և այն դարձել է սպասարկման համար վտանգավոր և ոչ հուսալի։

Ըստ ներկայացված հիմնավորման, տրանսպորտային միջոցի մաշվածությամբ պայմանավորված՝ ավելացել են սպասարկող տրանսպորտային միջոցի տարեկան պահպանման ծախսերի համար նախատեսված նորմաները։

«Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՆԳ նախարարը միաժամանակ հանդիսանում է Անվտանգության խորհրդի անդամ՝ վերջինիս անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ ներքին գործերի նախարարի սպասարկման համար ձեռք բերել նոր տրանսպորտային միջոց»,- նշված է կառավարության որոշման մեջ։

Մեքենայի գումարը նախարարության շենքային պայմանների բարելավման համար նախատեսվածից կվերցվի։