Ոստիկանությունը ձերբակալել է նախկինում դատված Վրաստանի 21-ամյա քաղաքացու՝ համագյուղացու կանխամտածված սպանության մեղադրանքով, հաղորդում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին Սագարեջոյի մունիցիպալիտետի Իորմուգանլո գյուղում, որը խիտ բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով։ Հետաքննության տվյալներով՝ ընդհարման ժամանակ մեղադրյալը 26-ամյա տղամարդու դանակահարել է կրծքավանդակից, որը հիվանդանոց տեղափոխմանւ ճանապարհին մահացել է։

Հարձակվողը փախել է հանցագործության վայրից, սակայն շուտով ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Սպանության զենքը՝ դանակը, առգրավվել է որպես ապացույց։

TV Pirveli-ի տվյալներով՝ երիտասարդների միջև վեճը ծագել է խնջույքի ժամանակ՝ կրոնական հարցի շուրջ՝ սեղանին դրված ալկոհոլի պատճառով։ Սպանված տղամարդու հարազատները կարծում են, որ մեղադրյալը հանցակիցներ է ունեցել։ Ըստ նրանց՝ հիվանդանոցից իրենց հայտնել են, որ տղամարդուն դանակի հարվածներ են հասցրել երկու տարբեր դանակներով։

Հետաքննությունը շարունակվում է։ Կասկածյալին սպառնում է 10-15 տարվա ազատազրկում՝ կանխամտածված սպանության համար։ Եթե պարզվեն ծանրացուցիչ հանգամանքներ, մեղադրանքը կարող է խստացվել։