Իսրայելի հետախուզության 10 ներկա և նախկին պաշտոնյաներ ProPublica-ին պատմել են խարդախ գործողությունների և Իրանի դեմ տասնամյակներ շարունակ իրականացված գաղտնի գործողությունների մասին նախկինում չբացահայտված մի շարք մանրամասների մասին։
«2018 թվականին Իսրայելում պատրաստություն անցած գործակալները թափանցել են Թեհրանի չհսկվող պահեստ և բարձր ջերմաստիճանի պլազմային կտրիչներով կոտրել են գծագծեր, տվյալներ և համակարգչային սկավառակներ պարունաող չհրկիզվող պահարանները։ Ավելի քան 1000 ֆունտ քաշ ունեցող նյութը բեռնվել է երկու բեռնատարի մեջ և տեղափոխվել հարևան Ադրբեջան։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նյութը ցուցադրել է Թել Ավիվում անցկացված մամուլի ասուլիսում և հայտարարել, որ դա ապացուցում է, որ Իրանը ստել է իր միջուկային մտադրությունների մասին։
2002-2011 թվականներին Մոսադը ղեկավարած Դագանը, հպարտանում էր Մոսադի՝ Իրանի ներսում գաղտնի գործողությունների համար իրանցիներին և այլ քաղաքացիների հավաքագրելու աճող կարողությամբ։
Լրտեսական գործակալության հաջողության գրավականներից մեկը նա նշել է Իրանի էթնիկական կազմը։ Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ երկրի 90 միլիոն բնակչության մոտ 40 տոկոսը ազգային փոքրամասնություններ են՝ արաբներ, ադրբեջանցիներ, բելուջներ, քրդեր և այլք։
2016 թվականին իր մահից կարճ ժամանակ առաջ Դագանն ասել է, որ «Իրանում գործակալներ հավաքագրելու լավագույն պահուստը երկրի էթնիկական և մարդկային... խճանկարն է»։
Հավանական լրտեսներ գրավելու համար օգտագործվող մեկ այլ խթան է արտասահմանում բարձրագույն կրթությունը: Տարիների հետազոտությունների և փորձի հիման վրա՝ Մոսադի հավաքագրողները գիտեն, որ իրանցիները ծարավ են որակյալ կրթության: Հետևաբար, արևմտյան համալսարաններ կամ դեռահասների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցներ ընդունվելու առաջարկները հատկապես գրավիչ գործիք են: Հարմար թեկնածու գտնելուն պես Մոսադը կազմակերպում է նախնական հանդիպում մատչելի վայրում՝ հաճախ հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում, Հայաստանում կամ Ադրբեջանում, որտեղ իրանցիների մուտքը համեմատաբար հեշտ է: Այլ տարբերակներից են Հարավարևելյան Ասիայի երկրները, մասնավորապես՝ Թաիլանդը և Հնդկաստանը, որտեղ Իրանի քաղաքացիները կարող են առցանց դիմել բիզնես, բժշկական կամ տուրիստական վիզաների համար:
Աշխարհագրական դիրքը նպաստել է Մոսադի լրտեսական ջանքերին: Իրանը սահմանակից է Իրաքին, Թուրքիային, Ադրբեջանին, Հայաստանին, Պակիստանին, Թուրքմենստանին և Աֆղանստանին: Մաքսանենգությունը տարածաշրջանում կենսակերպ է, որտեղ հազարավոր մարդիկ ապրուստ են վաստակում սահմաններից դուրս թմրանյութեր, վառելիք և էլեկտրոնիկա տեղափոխելով: Մոսադը կապեր է հաստատել բոլոր յոթ երկրներում գործող մաքսանենգների, և հաճախ՝ կառավարական հետախուզական ծառայությունների հետ»,- նշվում է հոդվածում:





























