Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարություն է արել Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման առնչությամբ՝ նշելով, որ Դոնալդ Թրամփի ջանքերը «առավել քան երբևէ մոտեցրել են մեզ Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական պատերազմի դադարեցմանը»։

«Սպանություններին վերջ տալու ձգտման հարցում նրա առաջնորդությունը բարձր գնահատականի է արժանի։ Չնայած ձեռք բերված առաջընթացին, հաջորդ քայլը պետք է լինեն հետագա բանակցությունները՝ նախագահ Զելենսկու մասնակցությամբ։ Ուկրաինայում խաղաղության ճանապարհը չի կարող որոշվել առանց նրա։ Այսօր առավոտյան խոսել եմ նախագահ Զելենսկու, նախագահ Թրամփի և եվրոպացի այլ գործընկերների հետ, և բոլորս պատրաստ ենք աջակցելու այս հաջորդ փուլին։ Ողջունում եմ Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի հետ մեկտեղ, պատրաստակամությունը՝ ցանկացած գործարքի շրջանակում Ուկրաինային անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու։ Սա կարևոր առաջընթաց է, որը վճռորոշ նշանակություն կունենա Պուտինին հետագա փորձերից զսպելու համար։ Մինչդեռ, քանի դեռ նա չի դադարեցրել իր բարբարոսական հարձակումը, մենք կշարունակենք խստացնել ճնշումը նրա ռազմական մեքենայի վրա՝ սահմանելով էլ ավելի շատ պատժամիջոցներ, որոնք արդեն իսկ կործանարար ազդեցություն են ունեցել ռուսաստանյան տնտեսության և նրա բնակչության վրա։ Ուկրաինային մեր անփոփոխ աջակցությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է», - նշել է Սթարմերը։