ԱՄՆ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը X սոցիալական ցանցում կոշտ գրառում է արել՝ ամփոփելով Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները։

«Թվում է՝ Թրամփը հերթական անգամ վաճառում է Ուկրաինան և խոնարհվում բռնապետ Պուտինի առջև։ Դրա համար Խաղաղության Նոբելյան մրցանակ չի լինի», - գրել է նա։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքում։

Գագաթնաժողովի արդյունքում հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն կողմերը պայմանավորվել են շուտով կրկին հանդիպել։

Լրատվամիջոցները հայտնել են, որ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը Ուկրաինայից խոշոր տարածքային զիջումներ է պահանջել։

Երեկ Axios պարբերականը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահը Ալյասկայում կայացած հանդիպումից հետո իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել արդեն օգոստոսի 22-ին։