Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյն այսօր՝ օգոստոսի 19-ին, հյուրընկալվեց Հայրենական մեծ պատերազմի վետերան` 103-ամյա Աղվան Պողոսյանին։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց Աղվան Պողոսյանին Երկրորդ համաշխարհային պատերազմին իր մասնակցության և հաղթանակի մեջ ներդրումի համար։

«Տեսնելով այս մարդուն և նայելով նրա աչքերի մեջ՝ զգացի այն հոգին, որը մասնակիցներն ունեցել են պատերազմի ժամանակ, և հասկացա, որ նա, իսկապես, գիտի խաղաղության արժեքը․ միայն այն մարդիկ, ովքեր անցել են պատերազմի միջով, շատ լավ հասկանում են, թե խաղաղությունն ինչ է»,-նշեց Լի Սինվեյը։ Նա իր խոսքում հավելեց՝ թե Հայաստանը, թե Չինաստանը, շատ դժվար ժամանակահատվածներով են անցել․ «Բայց երկու երկրներն էլ կարողացել են այդ ամենը հաղթահարել և գիտեն խաղաղության արժեքը։ Չնայած ընդամենը չորս ամիս է, ինչ Հայաստանում եմ, արդեն հասցրել եմ զգալ Հարավային Կովկասի  բոլոր երկրների ձգտումը դեպի խաղաղություն։ Մենք պետք է միշտ երախտապարտ լինենք այն մարդկանց, ովքեր նահատակվել են պատերազմի ժամանակ, քանի որ նրանք իրենց կյանքն են զոհաբերել մեր խաղաղության համար»։

Դեսպանը շեշտեց՝ մենք բոլորս ունենք շատ մեծ պատասխանատվություն՝ պահպանել այն կայունությունը և խաղաղությունը, որը մեզ թողել են այն մարդիկ, ովքեր պայքարել են պատերազմում։ «Խաղաղության հասնելու համար պետք է միմյանց հարգենք, լավ հասկանանք»,-հավելեց նա։

Լի Սինվեյը Աղվան Պողոսյանին փոխանցեց նաև չինական թեյերի հավաքածու և դրամական նվեր։ Վետերանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Չինաստանի դեսպաատանը՝ դեսպան Լի Սինվեյի գլխավորությամբ, իրեն ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով հայ և չինացի ժողովուրդների բարեկամության կարևորությունը։

New Picture (2).jpg (60 KB)

New Picture (3).jpg (57 KB)

New Picture (4).jpg (52 KB)

New Picture (5).jpg (53 KB)

New Picture.jpg (58 KB)