Սպիտակ տան պաշտոնական էջը հայտնվել է TikTok սոցիալական ցանցում, հաղորդում է Reuters-ը։

Նրա տեղեկատվության համաձայն՝ @whitehouse էջը գործարկվել է օգոստոսի 19-ի երեկոյան՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով։ Առաջին հրապարակումը 27 վայրկյանանոց տեսահոլովակ է՝ նվիրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքբերումներին, «Ամերիկա, մենք վերադարձանք։ Ինչպե՞ս են գործերը, TikTok» մակագրությամբ, որում ամերիկացի առաջնորդն ասում է. «Ես ամեն օր արթնանում եմ՝ վճռականորեն տրամադրված՝ այս երկրի մարդկանց համար ավելի լավ կյանք ապահովելու համար։ Ես ձեր ձայնն եմ»։ Newsweek ամսագրի տվյալներով՝ գրառումը առաջին ժամվա ընթացքում հավաքել է ավելի քան 7500 «հավանում» և 500 մեկնաբանություն։ Օգոստոսի 20-ի առավոտյան Սպիտակ տան էջին բաժանորդագրվել է ավելի քան 63500 մարդ, իսկ այդ պահին հրապարակված երեք տեսանյութերը հավաքել են ավելի քան 102100 «հավանում»։ Առաջին տեսանյութը հավաքել է 44500 «հավանում» և 12600 մեկնաբանություն։

«Թրամփի վարչակազմը ձգտում է ամերիկացի ժողովրդին տեղեկացնել նախագահի պատմական հաջողությունների մասին՝ օգտագործելով հնարավորինս շատ հարթակներ», - հարթակի ուղիղ եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Ուղիղ եթերը նվիրված է եղել էջի բացմանը։ Reuters-ը հիշեցնում է, որ հանրապետականն ակտիվորեն օգտագործել է սոցիալական ցանցը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ TikTok-ում նրա @realdonaldtrump էջը ավելի քան 15 մլն բաժանորդ է հավաքել։

2025 թվականի հունիսի 19-ին Թրամփը հայտարարել է, որ TikTok կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման հարթակի արգելափակման հետաձգումը ԱՄՆ տարածքում երկարացրել է 90 օրով՝ մինչև սեպտեմբերի 17-ը։ Արդեն մոտ հինգ ամիս է, ինչ ուժի մեջ է մտել օրենքը, որի համաձայն՝ TikTok-ը պետք է արգելվի ԱՄՆ-ում, եթե մայր ընկերությունը՝ ByteDance-ը, չվաճառի այն։ Հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ում այդ հարթակի արգելափակումը հետաձգվել է առնվազն 75 օրով։ Նա լրագրողներին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ստանա TikTok-ի կեսը, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է դա նշանակում։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ «ջերմ զգացմունքներ» ունի հարթակի նկատմամբ, քանի որ դրա երիտասարդ ամերիկացի օգտատերերի ձայները նպաստել են 2024 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում իր հաղթանակին։