2011թ. հայկական ընկերությունները ռուսական պետական «ԱԼՌՈՍԱ» ընկերությունից 43 մլն դոլարի չմշակված ադամանդ են գնել : Այս մասին NEWS.am -ի թղթակցին հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից: 2012թ. կանխատեսումը 50 մլն դոլար է կազմում: 2010թ. մատակարարման ծավալը կազմել է 25 մլն:
Ադամանդները Ռուսաստանից Հայաստան են առաքվում համաձայնագրին համապատասխան տոլինգային եղանակով մշակվելու համար, ինչից հետո հետ են ուղարկվում Ռուսաստան:
Վերջին ժամանակներս սակագները որոշ չափով նվազել են, պահանջարկի ավելացում է նկատվում: «Հայկական ընկերությունները ավելին գնելու հնարավորություն ունեն, բայց չեն անում` ելնելով առկա պահանջարկից եւ շուկայական գներից», - նշել են էկոնոմիկայի նախարարությունում::
Ինչ վերաբերում է 2012թ. քվոտային, ռուսական ընկերությունը Հայաստանի համար պաշտոնական քվոտա չի սահմանում. հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում կողմերը պայմանավորվում են միայն մատակարարման նվազագույն ծավալների մասին, հստակեցրել են նախարարությունում:
2011թ. «ԱԼՌՈՍԱ» -ի ադամանդների գնմանը 9 հայկական ընկերություն էր մասնակցում: 2012թ. հնարավոր է նրանց քանակության ավելացում, եթե չմշակված ադամանդների շուկայում իրավիճակը կարգավորվի»,- նշել են նախարարությունում:



























