Լեռնային Ղարաբաղում հայկական ծագում ունեցող ականավոր գործիչների և զինծառայողների 25 հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է, կարծում է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, փոխանցում է TASS-ը։

«Հուշարձանների դեմ պատերազմը լավագույն զբաղմունքը չէ ցանկացած երկրի համար։ Դրանք արտացոլում են այն ժողովուրդների պատմությունը, որոնք ապրում են այդ երկրում։ Սա նույնքան անհեթեթ է, որքան 90-ականներին Ադրբեջանի մշակութային գործիչների հուշարձանների ոչնչացումը։ Հուշարձանների դեմ պայքարելը ամենաազնիվ գործը չէ, բայց շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի և Կովկասի ժողովուրդների հարաբերությունները դարավոր պատմություն ունեն և մենք կապված ենք ոչ միայն այսօրվա, այլև անցյալի ու ապագայի հետ», - ասել է Շվիդկոյը։

Նա նշել է, որ թեև քաղաքականությունն է թելադրում մշակույթը, սակայն այն «ժամանակավոր է, իսկ մշակույթը ապրում է հավերժ»։ «Եվ բացի միջպետական հարաբերություններից, կան նաև հարաբերություններ ժողովրդի միջև, որոնք ավելի խորն են։ Եվ կարևոր է այսօր պահպանել բոլոր մշակութային կապերը, որոնք մեզ կապել են մեր կողքին ապրող բոլոր ժողովուրդների հետ», - եզրափակել է Շվիդկոյը։