Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը օգոստոսի 18-ին իրենց հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Նախագահն ասել է․ «Հանդիպումը լավ անցավ, ես կզանգեմ Վլադիմիր Պուտինին և կիմանամ, թե նա ինչ կասի այս մասին»։ Եվ բոլորը հարցրին. «Դուք կզանգե՞ք հաջորդ շաբաթ», նշել է Վենսը պատմելով խորհրդակցությունների ընթացքի մասի։ Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ Թրամփը պատասխանել է. «Ոչ։ Ժամը քանի՞սն է Մոսկվայում։ Ես հենց հիմա կզանգեմ նրան»։ Ինչպես ընդգծել է Վենսը, հանդիպման մյուս մասնակիցները «չէին սպասում» ամերիկյան առաջնորդի նման քայլին։

«Շատ եվրոպացիներ ասացին. «Ոչ, ոչ, ոչ։ Պետք է պատշաճ նախապատրաստվել, օգնականները պետք է պատրաստվեն խոսակցությանը։ Եվ այլն, և այլն», - նշել է ԱՄՆ փոխնախագահը։ Ըստ նրա՝ Թրամփը չի հետևել այդ փաստարկներին և անմիջապես զանգահարել է Ռուսաստանի ղեկավարին։

Ինչպես հայտնել է ամերիկյան Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին, Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ այն ժամանակ, երբ Սպիտակ տանը գտնվել են եվրոպական երկրների ներկայացուցիչները և Վոլոդիմիր Զելենսկին։ Այդ հանդիպմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի ղեկավարները, Եվրահանձնաժողովի ղեկավարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։