Կառավարությունը հարկատուների հաշվին 3.2 միլիոն դոլար կծախսի կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի հայցից պաշտպանվելու համար։ Այս հարցն ընդգրկված էր կառավարության այսօրվա՝ օգոստոսի 21-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Ըստ Կառավարության հիմնավորման, այսպես կապահովեն Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածությունն ու պատշաճ պաշտպանությունը:

Ըստ նախագծի հիմնավորման, կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովմամբ։

«Սույն արբիտրաժային գործով հայցվորները ս․թ․ հունիսի 30-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) են ներկայացրել միջազգային ներդրումային վեճի մասին ծանուցում, որին հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթին (Emergency Arbitration) առնչվող գործընթացներ։ Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում որոշումը ս․թ․ հուլիսի 22-ին ստանալուց հետո Գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության նպատակով միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքներին։ SCC վեճերի լուծման կարգավորումների համաձայն՝ արտակարգ արբիտրաժային վարույթի շրջանակներում որոշումը ստանալու պահից 30-օրյա ժամկետում կողմը կարող է ներկայացնել արբիտրաժային ծանուցում։ Իրավաբանական ընկերությունների թեկնածուների ուսումնասիրման ընթացքում՝ ս․թ․ օգոստոսի 12-ին Գրասենյակը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից տեղեկացվել է արբիտրաժային ծանուցման մասին, որով արդեն իսկ սահմանվել են ընթացակարգային սեղմ ժամկետներ։ Ուստի, իրավաբանական և փաստաբանական խորհրդատվություն մատուցող ընկերությանը ներգրավելու հրատապությունը պայմանավորված է արբիտրաժային վարույթի շրջանակներում սահմանված ժամկետներում պատշաճ իրավական դիրքորոշումների ներկայացման և ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմամբ»,-նշված է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից ներկայացված հիմնավորման մեջ ։ 

Կառավարությունից հայտնել են, որ տարբեր ընկերություններից գնառաջարկներ են ստացել, ի վերջո, ընտրությունը կանգ է առել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Arnold & Porter ընկերության վրա, որն ըստ գործադիրի ներդրումային արբիտրաժային վարույթներով պետությունների շահերի պաշտպանության իր վերջին 60 գործերից 53-ում հաղթել է: Իշխանությունները որոշել են ամերիկյան կազմակերպությանը սկսել վճարել, մինչեւ օրենքով սահմանված կարգով գնման գործընթացը: Առաջին վճարումների համար պահուստային ֆոնդից մոտ մեկ միլիոն հարյուր հազար դոլար են հատկացնում: