Գյումրիում երեկ` հունվարի 20-ի կեսօրին հայտնաբերված կնոջ դիակի վերաբերյալ նոր մանրամասներ են պարզվել: Ամենայն հավանականությամբ Գյումրիի Պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի նկուղում հայտնաբերված կնոջ այրված դիակը, որը ենթադրվում է, որ  Գյումրիի Սավոյան փողոցի բնակիչ 21-ամյա Մարի Դավթյանինն է, շենքի նկուղում հայտնվել է նրան սպանելուց եւ այրելուց հետո: Այս մասին NEWS am-ին փոխանցել   են Ոստիկանության Գյումրիի բաժնից:

Ըստ շրջանառվող լուրերի՝ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Գյումրիի ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանի փոխանցմամբ՝ քննությունը կորոշի, թե ինչ հողի վրա է սպանություն կատարվել, բայց որ սպանություն կատարվել է, այս մասին նա չի հերքել՝ասելով, որ ենթադրվում է նաեւ, որ սպանելուց հետո դիակն այրել են՝ հետքերը վերացնելու համար: Իսկ Շիրակի մարզային ոստիկանության քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանի փոխանցմամբ՝Մարի Դավթյանի տնակը եւս այրվել է, որից հետո նա ապրել է տարբեր վայրերում:

Մարի Դավթյանը, քննչական բաժնի պետի փոխանցմամբ մեկ անչափահաս քույր ունի՝ 13 տարեկան, որը «Տիրամայր Հայաստանի» կրթահամալիրի սան է: Իսկ Մարիի մոտ 1 տարեկան երեխային ոստիկանները գտել են Օնիկ անունով մի տղամարդու մոտից, որ Մարիի ամուսնու բարեկամն է, ապրում է նույն թաղամասում: Երեխային ոստիկանները հանձնել են մանկատուն:

Հիշեցնենք, որ երեկ NEWS am-ը տեղեկացրել էր , որ Գյումրիի նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի վթարային շենքի նկուղից ոստիկանները հայտնաբերել են այրված եւ հոշոտված կնոջ դիակ: Դիակն այրված է եղել 70 տոկոսով: Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն: