Հարավօսական ընդդիմության առաջնորդ, հանրապետության նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան հունվարի  21-ին Ցխինվալիում հանրահավաք է անցկացրել, որի ժամանակ հայտարարել է, որ մարտի  25-ին նշանակված նախագահական ընտրությունները անօրինական է համարում եւ հրաժարվում է դրանց մասնակցելուց:

Նա հայտնել է, որ  հունվարի 23-ից հետո արդեն կարող է նախագահի պաշտոնն ստանձնելու երդմնակալության ամսաթիվը հաստատել:

«Եթե մինչեւ հունվարի 23-ը մենք Հարավային Օսիայի նախագահի պաշտոնակատար Վադիմ Բրովցեւից պատասխան չստանանք, ես ձեզ կրկին կհավաքեմ եւ կհայտնեմ պաշտոնական երդմնակալության օրը», - ընդգծել է Ջիոեւան:

Հիշեցնենք, Ջիոեւան նամակ է գրել Բրովցեւին, որում նրան տեղեկացրել է Էդուարդ Կոկոյտիի հետ դեկտեմբերյան համաձայնագրի իր ստորագրությունը հետ կանչելու մասին

Հավաքվածները պահանջել են վերանայել ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու դատարանի վճիռը: «Մենք մտադիր ենք դիմել Վերահսկողական ատյանի դատարան` Գերագույն դատարանի վճիռը վերանայելու հայցով», -  «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ`  հայտնել է Ջիոեւան:

Հիշեցնենք, Հարավային Օսիայի Գերագույն դատարանը անվավեր էր ճանաչել երկրի նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում առաջատարն էր Ջիոեւան: Ջիոեւան եւ իր համակիրները չէին համաձայնել դատարանի վճռին: Երկրում տեւական ճգնաժամը հանգեցրերց նրան, որ Ջիոեւան եւ նախկին նախագահ Կոկոյտին համաձայնագիր կնքեցին, ինչի արդյունքում Կոկոյտին լքեց նախագահի պաշտոնը, բայց համաձայնագրի մնացած դրույթները անկատար մնացին: Ալլա Ջիոեւան էլ հայտարարեց, որ իրեն համարում է Հարավային Օսիայի ընտրված նախագահ: