Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային երեքշաբթի մամուլի ասուլիսում դատապարտել է Իրանի դեսպանին արտաքսելու Ավստրալիայի որոշումը՝ անհիմն որակելով հակասեմականությանն առնչվող մեղադրանքները և զգուշացնելով, որ ցանկացած անպատշաճ դիվանագիտական գործողություն կարժանանա փոխադարձ պատասխանի, հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Իմ գործընկերներն այժմ քննարկում են պատասխանի հարցը»,- ասել է նա։
Իրանի ԱԳՆ խոսնակը կտրականապես մերժել է հակասեմականությանն առնչվող մեղադրանքները։
«Այդ մեղադրանքները լիովին անհիմն են, և հակասեմիտիզմ հասկացությունը տեղ չունի մեր կրոնում։ Դա արևմտյան երկրների կողմից հորինված հասկացություն է, և նրանք իրենք պետք է պատասխանատվություն կրեն իրենց պատմության համար»,- նշել է նա։
Ըստ Բաղայիի՝ Ավստրալիայի որոշման վրա, ըստ երևույթին, ազդել են ներքին իրադարձությունները՝ մատնանշելով երկրում վերջերս տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերը Գազայի իրավիճակի շուրջ։
«Իրանի դեմ այդ գործողությունը, որն ուղղված է դիվանագիտությանը, կարծես թե նպատակ ունի փոխհատուցել Իսրայելի ռեժիմին Ավստրալիայի ուղղված սահմանափակ քննադատությունը»,- նշել է նա։
Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն Իրանին մեղադրել էր իր երկրում Իսրայելի դեմ ուղղված առնվազն երկու հարձակում կազմակերպելու մեջ և հայտարարել էր Կանբերայում Իրանի դեսպանին վտարելու ծրագրերի մասին։ Ալբանեզեն հայտարարել էր, որ Ավստրալիան միաժամանակ դադարեցրել է Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը և իր բոլոր դիվանագետներին տեղափոխել երրորդ երկիր։





























