Լեհ զինվորը երկուշաբթի երեկոյան հոսպիտալացվել է Բելառուսից սահմանն անօրինական կերպով հատել փորձող 40-ից ավելի ներգաղթյալների հետ ընդհարման ժամանակ՝ պատահաբար պայթած լուսարձակող նռնակի պատճառով, հաղորդում է Euronews-ը։

Դեպքը տեղի է ունեցել 20:00-ի սահմաններում Չերեմչա սահմանային գյուղի մոտ, երբ ներգաղթյալները քարեր են նետել «Պոդլաշիեի» օպերատիվ խմբի լեհ զինվորների վրա։

Զինվորը վիրավորվել է ձախ ձեռքից, երբ լուսարձակող նռնակը, որը նա օգտագործել էր որպես «հարկադրանքի միջոց» «ագրեսիվ ներգաղթյալների խմբի» դեմ, վաղաժամ պայթել է, հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։ Զինվորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո նրան  տեղափոխել են Բելիստոկի հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվել է կայուն, նա գիտակցությունը չի կորցրել, իսկ վնասվածքները կյանքին չեն սպառնում։ Լեհական զինվորականները հետաքննություն են սկսել միջադեպի վերաբերյալ։

Լեհաստանը 2021 թվականից ի վեր Բելառուսի հետ սահմանին բախվում է միգրացիոն ճգնաժամի, Վարշավան մեղադրում է Մինսկին Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից հազարավոր ներգաղթյալների հիբրիդային պատերազմական գործողություններում օգտագործելու և նրանց ԵՄ մուտք գործելու կեղծ խոստումներով գայթակղելու մեջ։