ԱՄՆ Յուտա նահանգում գնդակահարության միջոցով տղամարդու մահապատիժ է կասեցվել։ Դա իրականացվել է ուրբաթ օրը՝ նահանգի Գերագույն դատարանի կողմից, այն բանից հետո, երբ նրա փաստաբանները պնդել են, որ նրան պետք է խնայել, քանի որ նա տառապում է դեմենցիայով, հաղորդում է Associated Press-ը:
67-ամյա Ռալֆ Լերոյ Մենզիսին պետք է մահապատժի ենթարկեին սեպտեմբերի 5-ին՝ 1986 թվականին Յուտա նահանգում երեք երեխաների մայր Մորին Հանսեյքերին առևանգելու և սպանելու համար։
Մի քանի տասնամյակ առաջ, երբ Մենզիսը ընտրության հնարավորություն ուներ, նա որպես մահապատժի մեթոդ ընտրել էր գնդակահարությունը։ Նա կդառնար 1977 թվականից ի վեր գնդակահարության ենթարկված վեցերորդ ամերիկացի բանտարկյալը։
2024 թվականի սկզբին Մենզիսի փաստաբանները նոր արշավ են սկսել՝ նրան մահապատժից ազատելու համար՝ պնդելով, որ իրենց հաճախորդի մոտ մահապատժի խցում գտնվելու 37 տարիների ընթացքում զարգացած դեմենցիան այնքան լուրջ է, որ նա տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով, միացված է թթվածնային սարքին և չի կարողանում հասկանալ, թե ինչու է իրեն մահապատիժ սպառնում։
Յուտա նահանգի Գերագույն դատարանը վճռել է, որ Մենզիսը կարող է հիմնվել հանգամանքների էական փոփոխության վրա և կարևոր հարց է բարձրացրել դատավճիռն ի կատար ածելու նրա պիտանելիության մասին՝ եզրակացնելով, որ ստորին ատյանի դատարանը պետք է վերանայի Մենզիսի իրավունակությունը։





























