1985 թվականին ԱՄՆ իշխանությունները «Տիտանիկ» նավի որոնումներ են կազմակերպել՝ սուզանավերով գաղտնի ռազմական գործողությունը թաքցնելու համար: Գաղտնի գործողության մասին CNN-ին պատմել է օվկիանոսագետ Ռոբերտ Բալարդը:
Բալարդի արշավախումբը «Տիտանիկ»-ի մնացորդները հայտնաբերել է 1985 թվականի սեպտեմբերի 1-ին: Գիտնականը խոստովանել է, որ սկզբում չի կարողացել ֆինանսավորում գտնել 1912 թվականին խորտակված նավը որոնելու համար: Սակայն Բալարդի խորջրյա պատկերման համակարգերը գրավել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ուշադրությունը, և նրա առաքելությունը դարձել է գաղտնի ռազմական գործողության քողարկում:
Բալարդը պարզաբանել է, որ ինքն աջակցություն է ստացել ԱՄՆ զինվորականներից՝ համոզելով նրանց, որ «Տիտանիկ» նավի որոնումներից զատ, իր թիմը տվյալներ կհավաքի խորտակված «Թրեշեր» և «Սքորպիոն» սուզանավերի մասին: «Շատերն այդ ժամանակ չգիտեին, որ «Տիտանիկի» որոնումները քողարկում էին գերգաղտնի գործողության համար, որին ես մասնակցել եմ որպես ռազմածովային հետախուզության սպա»,- պատմել է նա:
Գիտնականը նշել է, որ «Սքորպիոն» սուզանավի մնացորդների հետազոտությունն իրեն օգնել է պարզել «Տիտանիկ»-ի կործանման վայրը: Նա պարզաբանել է, որ մեծ նավի խորտակումից հետո բեկորները դասավորված են երկար շղթայով. ծանր առարկաներն անմիջապես խորտակվում են ծովի հատակը, մինչդեռ թեթևերն՝ ավելի դանդաղ են խորտակվում։





























