Էսեքս կոմսությունում ութամյա տղան սննդի նկատմամբ իր վախից կարողացել է ազատվել հիպնոսի շնորհիվ, հաղորդում է Manchester Evening News-ը։

Մեկուկես տարեկանից Լեննի Սարթինը հրաժարվել է ցանկացած մթերքից, բացի կեղևով թխած կարտոֆիլից։ Յոթ տարի նրա սննդակարգը սահմանափակվել է այդ ուտեստով՝ լոբիով և պանրով։ «Տասը դեպքից իննում, երբ նրան հարցրել եմ՝ ինչ է ուզում ընթրիքին ուտել, պատասխանը մեկն էր՝ «կարտոֆիլ»,- պատմել է նրա մայրը՝ Քեյլին։

Ըստ նրա՝ տղան սրտխառնոց է զգացել բանջարեղենի և մրգերի տեսքից։ Նրա ծնողներն չեն շտապել տագնապ հնչեցնել. երեխան ակտիվորեն զբաղվում էր սպորտով և առողջ տեսք ուներ։ Սակայն ժամանակի ընթացքում նկատվել է, որ նրա էներգիայի մակարդակը նվազել է, նա շուտ է քուն մտել և տառապել է անհանգիստ ոտքերի համախտանիշով։

Սովորական բուժումը չի օգնել երեխային, և մայրը որոշել է դիմել հիպնոթերապևտի։ Երկու ժամ տևած սեանսից հետո Լեննին կարողացել է առանց որևէ խնդրի միրգ-բանջարեղեն ուտել:

Ավելի վաղ, 29-ամյա բրիտանուհին, ըստ որոշ տեղեկությունների, երկու տասնամյակ շարունակ միայն կարտոֆիլ է կերել նմանատիպ ֆոբիայի պատճառով։ Այդ սննդակարգը հանգեցրել է վիտամինների անբավարարության և առողջական խնդիրների։