Եռաբլուրը մեզ համար հարազատ տուն է դարձել, որովհետեւ 2023–ի սեպտեմբերի 23–ից հետո, բենզալցակայանում սարսափելի պայթյունից հետո զոհվեցին իմ որդին ու փեսան։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի Գայանե Աղայանը։

«Փեսաս Եռաբլուրում է թաղված եւ մենք նվազագույնը շաբաթական երկու անգամ այցելում ենք այստեղ։ Ես ու ինձ նման հազարավոր ծնողներ հանգստություն չենք գտնում, քանի որ մեր որդիներին թողեցինք Ստեփանակերտում։ Հանգստություն գտնելու համար գոնե մի խորհրդանիշ էր պետք, որտեղ կարող էինք գալ։ Ահա ասյօր բացվում է «Արցախի կանչը» հուշահամալիրը, որը որոշակի հանգստություն կբերի մեզ։ Ես չեմ կարող ասել, որ այն կփոխարինի մեր զավակների շիրիմներին, բայց գոնե ինչ–որ կերպ մարդիկ կարող են գալ ու իմանալ, թե որտեղ են գալիս, հարգանքի տուրք մատուցելու իրենց զավակներին։

Իմ որդին ու փեսան մասնակցել են բոլոր երեք պատերազմներին, հրաժարվել են զենքը վայր դնել, ու դարձան պայթյունի զոհը։ Դա ամենաողբերգական բանն էր, որ տեղի ունեցավ։ Ես կուզեմ, որ նրանք լինեն վերջին զոհերը, որ էլ ոչ ոք չզոհվի»,-ասաց Գայանե Աղայանը։