Ռուսաստանում դատարանը հատուկ ռեժիմի ուղղիչ գաղությում 16 տարվա ազատազրկման է դատապարտել քրեական աշխարհի առաջնորդ Վիտալի Տոակեին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Վիտալի Ռամենսկի։
Նա մեղավոր է ճանաչվել հանցավոր աշխարհում բարձր դիրք գրավելու և կազմակերպված խմբի կողմից կատարված շորթման վեց դրվագների համար, հայտնել է ՌԵՆ ՏՎ-ի թղթակիցը՝ Մոսկվայի մարզի դատարանի դահլիճից։
Դատախազը պահանջել է 18 տարի, սակայն դատարանը նշանակել է ավելի կարճ ժամկետ։
Տոակեն հերքել է իր «քրեական կարգավիճակը»՝ հայտարարելով, որ «պոլոժենեց» տերմինի մասին լսել է միայն քննչական մեկուսարանում։ Նրա փաստաբան Դմիտրի Բելշկովը շեշտել է, որ դատարանում օբյեկտիվ ապացույցներ չեն ներկայացվել և մեղադրանքն անհիմն է անվանել։ Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը։
ՌԴ իրավապահ մարմինների տվյալներով՝ Տոակեն անդամակցել է քրեական հեղինակություն Օլեգ Մեդվեդևի (Շիշկան) գլխավորած խմբավորմանը։ Սակայն ամբաստանյալը պնդել է, որ անձամբ նրան չի ճանաչում, այլ միայն մեկ անգամ է տեսել ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ 2024 թվականի հունիսին Շիշկանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ նրա 17 հանցակիցները՝ պայմանականից մինչև ցմահ ազատազրկման։





























