Բռնություն և հրկիզում է տեղի ունեցել Նեպալ-Հնդկաստանի բոլոր սահմանային անցակետերում, իսկ ոստիկանության կետերը հրկիզվել են՝ աճող անկարգությունների ֆոնին: Քանի որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, իշխանությունները հրամայել են ամբողջովին փակել բոլոր սահմանային անցակետերը: Ըստ տեղեկությունների՝ որոշ տուժած տարածքներում ոստիկաններ լքել են իրենց դիրքերը:

Զորքերը լրացուցիչ շրջափակել են Սինգհդուրբարը՝ կառավարության գլխավոր քարտուղարությունը,  երբ ցուցարարները հրդեհել են համալիրի ներսում գտնվող տները հաղորդում է India Today-ը:

Բանակը մտել է քաղաք՝ ցուցարարներին տարհանելուց հետո, և վերահսկողություն է հաստատել Կատմանդուի օդանավակայանի նկատմամբ: Զինվորները նաև միջամտել են, երբ ցուցարարները փորձել են ներխուժել Պաշուպատինաթ տաճարի դարպասները: Ավելի վաղ՝ նույն օրը, բանակը հայտարարել էր, որ երեքշաբթի՝ տեղական ժամանակով 22:00-ից, կստանձնի անվտանգության պարտականությունները:

Հանրային կապերի և տեղեկատվության գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ «որոշ խմբեր չարաշահում են դժվարին իրավիճակը և լուրջ վնաս են հասցնում սովորական քաղաքացիներին և հանրային սեփականությանը»: Այն զգուշացրել է, որ բռնության շարունակման դեպքում կմոբիլիզացվեն բոլոր անվտանգության ուժերը, այդ թվում՝ բանակը: Հայտարարությունում միաժամանակ հանրությանը կոչ է արվել համագործակցել և զերծ մնալ ապակառուցողական գործողություններից։