Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը «ցավալի» է անվանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այն հայտարարությունը, որ Եվրահանձնաժողովը պատժամիջոցներ կառաջարկի Իսրայելի նախարարների նկատմամբ և մասամբ կդադարեցնի ԵՄ-ի և Իսրայելի միջև ասոցացման համաձայնագիրը՝ նշելով, որ նրա խոսքերը ամրապնդում են Համասին և անտեսում են Իսրայելի ջանքերը՝ Գազայում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար։
«Այս առավոտ Եվրոպական հանձնաժողովի նախագահի կողմից արված հայտարարությունները ցավալի են։ Եվրոպան ևս մեկ անգամ սխալ ազդանշան է տալիս, որն ամրապնդում է ՀԱՄԱՍ-ին և Մերձավոր Արևելքի արմատական առանցքը», - գրել է Սաարը X սոցիալական ցանցում։
Նախկինում Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ կառաջարկի պատժամիջոցներ սահմանել իսրայելցի ծայրահեղական նախարարների նկատմամբ և մասնակիորեն կասեցնել Եվրամիության և Իսրայելի միջև ասոցացման համաձայնագիրը, որը վերաբերում է առևտրի հետ կապված հարցերին։
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում իր ելույթում ֆոն դեր Լեյենը նաև հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը կկասեցնի Իսրայելին տրամադրվող իր երկկողմ աջակցությունը՝ չազդելով իսրայելական քաղաքացիական հասարակության և Յադ Վաշեմի՝ Հոլոքոստի հիշատակի իսրայելական գլխավոր կենտրոնի հետ աշխատանքի վրա։
Նա նաև հայտարարել է, որ հաջորդ ամիս կստեղծվի Պաղեստինի դոնորների խումբ, որը կներառի նաև Գազայի վերականգնման գործիք։





























