Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, հունվարի 23-ին, գողություն կատարելու կասկածանքով, Այգեպատ գյուղից  բերման են ենթարկել նույն գյուղի 22 եւ 27 տարեկան երկու բնակչի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք հունվարի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, տներից մեկի երկրորդ հարկի հյուրասենյակից գողացել են «Փանասոնիք» հեռուստացույց եւ էլեկտրական հոսանքի կարգավորիչ` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ նրանք հունվարի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, մեկ այլ տնից համանման եղանակով գողացել են ոսկյա զարդեր, արծաթե մատանի, հուշանվեր եւ 4.000 դրամ` պատճառելով մոտ 460.000 դրամի նյութական վնաս, իսկ հունվարի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, մեկ այլ տնից` «Նոութբուք» համակարգիչ` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է:

Երիտասարդները ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն: