Ազոտական պարարտանյութերի գների բարձրացումն անհիմն է. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` հունվարի 24-ին 10 մլն դրամի տուգանք նշանակեց ազոտական պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրք գրավող ընկերություններից խոշորագույնի` «Քեթրին գրուփի» նկատմամբ:
Ազոտական պարարտանյութը (հանրությանը հայտնի է «սիլիտրա» անվամբ) գյուղատնտեսության համար կարեւորագույն նշանակություն ունի: Այն ներկրվում է հիմնականում Վրաստանից ու Իրանից: Պարարտանյութի թանկացումը հանգեցնում է գյուղատնտեսական մթերքների ինքնարժեքի բարձրացման, սակայն գյուղացիները միշտ չէ, որ կարողանում են համարժեք բարձրացնել մթերքի գինը` շուկայական կոնյուկտուրայի պատճառով:
Այս շուկայում ՏՄՊՊՀ-ն ներկայում գրանցել է 3 գերիշխող դիրք գրավողների` «Քեթրին գրուփ» (շուկայի 30 % բաժնով), «Ագրիմատկո Արմենիա» (24 %), «Մասիսի բերրիություն» (22 %): Այսպիսով` այս 3 ընկերություններին միասին բաժին է ընկնում շուկայի մոտ երեք քառորդը, հետեւաբար, նրանք ի վիճակի են գին թելադրել: Հիշեցնենք, որ 2 տարի առաջ այս շուկայի մոտ 70 %-ը պատկանում էր «Դվին հոլդինգին», սակայն պարարտանյութի գնի սուբսիդավորման ժամանակավոր դադարեցումից հետո այդ ընկերության գործունեության մասին տեղեկություններ չկան, փոխարենն ակտիվացան վերը նշված 3 ընկերությունները:
Անցյալ տարի մայիսին իսկապես էլ սիլիտրայի մանրածախ շուկայում գրանցվեց գների աննախադեպ աճ` 1 պարկ (50 կգ) սիլիտրան գյուղացիներին վաճառվում էր 10 հազ. դրամով: Իսկ մայիսը սիլիտրայի կիրառման ամենաակտիվ շրջանն է: Սակայն ՏՄՊՊՀ-ն պարզեց, որ ազոտական պարարտանյութը ձեռք է բերվում 6200-6400 դրամով, հետեւաբար` իրացման «ողջամիտ» գինը 7000 դրամն է: Շուկայում գերիշխող 3 տնտեսվարողները հրավիրվեցին ՏՄՊՊՀ, եւ ձեռք է բերվեց համաձայնություն` ողջ տարվա ընթացքում սիլիտրան բաց թողնել պարկը 7 000 դրամով: Ընկերություններից երկուսը պահպանում են պայմանավորվածությունը, իսկ «Քեթրին գրուփը»` ոչ: ՏՄՊՊՀ մոնիտորինգը բացահայտում է, որ «Քեթրին գրուփը» պարարտանյութն իրացնում է 7600 դրամով: Բնականաբար` հարուցվում է նոր վարույթ, որտեղ էլ պարզվում է, որ «Քեթրին գրուփը» այն ժամանակահատվածում, երբ գին էր բարձրացրել, դեռեւս վաճառում էր պահեստում առկա պաշարները (ձեռք բերված 6400 դրամով): Բացի այդ` գինն այնուհետ 600 դրամով բարձրացվել է այն պարագայում, երբ ինքնարժեքը բարձրացել է 200 դրամով:
Ահա այս ամենը հաշվի առնելով` պատրաստվում է ՏՄՊՊՀ որոշման նախագիծ, որով «Քեթրին գրուփը» պետք է տուգանվեր 20 մլն դրամով: Սակայն ՏՄՊՊՀ նիստի ընթացքում Հանձնաժողովի իրավաբան Հայկ Կարապետյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ «Քեթրին գրուփը» առաջին անգամ է իրավախախտում կատարում, թեեւ վաղուց է հանդիսանում գերիշխող դիրք գրավող (բացի ազոտական պարարտանյութերից` նաեւ բանանի շուկայում): Բացի այդ` իրավախախտումը տեւել է ընդամենը 1 ամիս, ու դրա արդյունքում մրցակիցներին ու մրցակցային միջավայրին պատճառված վնասը մեծ չի եղել: Այս դիտողությունը գործնականում պաշտպանեց նաեւ ՏՄՊՊՀ անդամ Պավել Ղալթախչյանը, նշելով, որ գինը բարձրացնելով` «Քեթրին գրուփը» գերշահույթներ չէր կարող ստանալ, քանի որ շահութաբերության նորման չի գերազանցել 15 %-ը: Իսկ ըստ ՏՄՊՊՀ մեկ այլ անդամ Սլավա Պետրոսյանի` ՏՄՊՊՀ-ն իրականացնում է շատ կարեւոր գործառույթ` զսպում է գների աճը, ինչը հաջողությամբ կատարվել է նաեւ Ամանորից առաջ: Պ. Ղալթախչյանի առաջարկով ՏՄՊՊՀ-ն «Քեթրին գրուփի» տուգանքը իջեցրեց մինչեւ 10 մլն դրամ:
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` «Քեթրին գրուփը» պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին: Ինքը` Մ. Պողոսյանը իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ ինքն է հիմնադրել «Քեթրին գրուփը», սակայն ներկայում բիզնես չունի, այլ ընդամենը այն շենքի սեփականատերն է, որը վարձակալությամբ հանձնել է «Քեթրին գրուփին»: Այսինքն` որոշակի փոխկապվածություն «Քեթրին գրուփի» հետ առկա է, իսկ Մ . Պողոսյանը իշխանական վերնախավում իր ազդեցությամբ ամենավերջին մարդը չէ: Իր այս որոշմամբ ՏՄՊՊՀ-ն կարծես ցույց տվեց, որ հաշվի չի առնելու, թե ովքեր են կանգնած այս կամ այն ընկերության ետեւում, եւ հակված չէ վերեւից իջեցվող պատվերներ կատարել: Դրա մասին է խոսում թեկուզ այն փաստը, որ նշանակված տուգանքը բավական խիստ է` 1 տարի առաջ նման խախտումների համար ընդամենը 500 հազ. դրամ էին տուգանում:
Համենայնդեպս` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նիստից հետո հայտարարեց, որ կշարունակեն խիստ հսկողության տակ պահել ազոտական պարարտանյութերի շուկան, եւ նոր չարաշահումներ հայտնաբերելու դեպքում ավելի խիստ պատիժներ կսահմանեն:
Սամվել Ավագյան




























