Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամության դեպքում Ռուսաստանը չի դադարեցնի Հայաստանից կոնյակի ներմուծումը: Այդ մասին այսօր` հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Ռուսաստանը փաստացի ԱՀԿ անդամ է դառնալու 6 ամիս հետո, ֆորմալ որոշումն արդեն ընդունվել է: Եթե ծանոթանաք իրենց պարտավորությունների ժամանակացույցին, որը նախատեսված է 6-7 տարիների համար, ապա այդ գործողությունները տեղի են ունենալու աստիճանաբար եւ սահուն»,- ասաց Տ. Դավթյանը:
Նրա խոսքով` կտրուկ փոփոխություններ չեն լինի, այդ թվում` կոնյակի պարագայում: Իսկ փոփոխությունները, որ ապագայում կարող են տեղի ունենալ, ընդամենը անվանման հետ են կապված` «կոնյա՞կ», թե՞ «բրենդի»: Սակայն նույնիսկ այդ պարագայում, նախարարի կարծիքով, դա դժվար թե ազդի, օրինակ, Երեւանի կոնյակի գործարանի վրա, քանի որ Ռուսաստանում ավելի ճանաչելի է նրա «Արարատ» ապրանքանիշը, այլ ոչ թե խմիչքը: «Պետք է ապրանքային նշանը ճանաչելի դառնա, այլ ոչ թե այն, թե մեջն ինչ ապրանք է»,- ասաց Տ. Դավթյանը: Նրա կարծիքով` մյուս արտահանող ընկերությունները եւս պետք է իրենց մարկետինգային քաղաքականությունում հիմնվեն այն սկզբունքի վրա, որ ճանաչելի դարձնեն իրենց ապրանքանիշը:
Հիշեցենք, որ կոնյակագործությունը այն ոլորտներից մեկն է, որտեղ կառավարություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում առաջիկա 10 տարում պետք է խթանվի արտահանումը:



























