Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ ահաբեկիչներին ապաստան տվող երկրները իրավունք չունեն իրենց ինքնիշխանության անձեռնմխելիության։ Նա այս կարծիքը հայտնել է՝ մեկնաբանելով Կատարի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը, որի հայտարարված նպատակն էր վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրագույն ղեկավարությանը։

Իսրայել այցով ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Նեթանյահուն կրկին համեմատել է իր երկրի գործողությունները Աֆղանստանում Վաշինգտոնի ռազմական արշավի հետ, որը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո: Այս առումով, Իսրայելի վարչապետը Կատարի մայրաքաղաքին հասցված հարվածներից հետո Իսրայելի հասցեին ուղղված քննադատությունը անվանել է «հսկայական ցինիզմ և երեսպաշտություն»:

Նեթանյահուն հիշեցրել է, որ սեպտեմբերի 11-ի հարձակումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 1373 բանաձևը, որն արգելում էր պետություններին ահաբեկիչներին ապաստան տալ։ Վարչապետի կարծիքով՝ այդ փաստաթղթի գործողությունը տարածվում է ամբողջ աշխարհի և բոլոր երկրների վրա, այլ ոչ թե ինչ-որ կոնկրետ դեպքի։ Այդ հիմքով, նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հարձակվել է Աֆղանստանում և Պակիստանում գտնվող «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ապաստարանների վրա՝ հաշվի չառնելով այդ պետությունների ինքնիշխանությունը։

«Այն երկրները, որոնք այսօր դատապարտում են Իսրայելին, այն ժամանակ չէին ասում. «Որքան վատ է, խախտվել է Աֆղանստանի ինքնիշխանությունը, խախտվել է Պակիստանի ինքնիշխանությունը»։ Դուք նման ինքնիշխանություն չունեք, երբ փաստացիորեն ահաբեկիչներին բազա եք տրամադրում, մի վայր, որտեղ նրանք կարող են զբաղվել իրենց սարսափելի գործերով։ Այսպիսով, միջազգային իրավունքի համաձայն, ցանկացած երկիր իրավունք ունի պաշտպանվել իր սահմաններից դուրս նրանցից, ովքեր զանգվածաբար սպանում են իր քաղաքացիներին։ Սա այն է, ինչով առաջնորդվել է Իսրայելը»,- հայտարարել է Նեթանյահուն։

Կատարի վրա հարվածի արդյունքների մասին հարցին ի պատասխան՝ նա հայտարարել է, որ Իսրայելը դեռևս ճշտում է տեղեկությունները, սակայն հրաժարվել է գործողությունը ձախողված համարել։ Նրա խոսքով, այս հարձակումը նախ և առաջ ուղղված էր արմատականներին ուղերձ հղելուն, առ այն, որ Իսրայելը նրանց կհետապնդի ամբողջ աշխարհում։