Չինաստանի Յուննան նահանգի Կունմին քաղաքում մեկնարկել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեդիա համագործակցության 2025 թվականի ֆորումը, որին մասնակցում է նաև NEWS.am-ի թղթակիցը։ Միջոցառմանը մասնակցել են նաև 87 երկրների 165 լրատվամիջոցների և այլ հաստատությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ավելի քան 200 օտարերկրյա ներկայացուցիչներ։

«Համաշխարհային հարավի երկրներն ապահովում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցումը և Մետաքսի ճանապարհի ոգու զարգացումը։ Մենք պետք է լուծումներ մշակենք՝ մեր ժողովուրդներին մերձեցնելու և Մետաքսի ճանապարհի ժողովուրդների բարօրության համար ընդհանուր նվաճումներ ապահովելու համար»,- հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակացության քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ Վան Գանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հարթակները դարձնել ավելի արդյունավետ, ավելի հաճախակի դարձնել մեր շփումները և լրատվամիջոցների հետ համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերի լուսաբանման գործում, ինչպես նաև նոր որակի հասնել «Նոր մետաքսի ճանապարհի» զարգացման և կառուցման գործում։

««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լրատվական համաժողովը կարևոր դեր ունի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կառուցման գործում, «Ժենմին Ժիբաո»-ի խմբագրությունն ակտիվ աշխատանք է իրականացնում այս ուղղությամբ, ամրապնդվում և կատարելագործվում են լրատվամիջոցների միջև հարաբերությունները։ Մենք՝ որպես լրատվամիջոցներ, պետք է խթանենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ կառուցումը, պատասխանատվություն կրենք վստահության ամրապնդման համար, համապատասխանենք աշխարհի ժողովուրդների շահերին և ձգտումներին, խթանենք համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի շրջանակներում՝ հանուն ընդհանուր բարգավաճման։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հարթակը կարևոր է բազմաբևեռության զարգացման, հումանիտար փոխանակումների և ժողովուրդների միջև բարեկամության բարելավման, ինչպես նաև ժողովուրդների միջև համագործակցության նոր հումանիտար բովանդակություն գտնելու համար»,- իր ելույթում նշել է «Ժենմին Ժիբաո» թերթի նախագահ Յու Շաոլյանը։

Ֆորումի մասնակիցները նշել են, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից 2013 թվականին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը առաջ քաշելուց ի վեր այն բերել է բեղմնավոր արդյունքներ՝ դառնալով լայնորեն աջակցվող միջազգային հասարակական բարիք և միջազգային համագործակցության հարթակ։ Վերջերս ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Տյանցզինում «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպման ժամանակ հանդես է եկել գլոբալ կառավարման վերաբերյալ նախաձեռնությամբ՝ կիսվելով չինական իմաստությամբ և առաջարկելով չինական լուծում՝ գլոբալ կառավարման ավելի արդար և հավասար համակարգ կառուցելու համար։ Այս նախաձեռնությունը նաև նոր, ավելի լայն հնարավորություններ է բացել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ համատեղ կառուցման համար։

Ֆորումի մասնակիցների կարծիքով, բոլոր երկրների լրատվամիջոցները պետք է շարունակեն խորացնել համագործակցությունը, խթանել և զարգացնել Մետաքսի ճանապարհի ոգին, ինչպես նաև ակտիվորեն տարածել քաղաքակրթության գաղափարը, որը հիմնված է հավասարության, փոխադարձ ուսուցման, երկխոսության և ներառականության վրա։ Լրատվամիջոցներին անհրաժեշտ է արդյունավետորեն արձանագրել և պատմել զարգացման ոլորտում ձեռքբերումների մասին, շարունակել մանրամասնորեն լուսաբանել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցման վառ փորձը և կենտրոնացնել դրական էներգիան՝ փոխգործակցության և փոխշահավետ արդյունքների հասնելու համար։ Լրատվամիջոցները պետք է ակտիվորեն մասնակցեն և խթանեն քաղաքակրթությունների միջև փոխադարձ ուսուցումը, օգտագործեն որակյալ լրատվական նյութեր՝ փոխըմբռնումը բարելավելու, խոչընդոտները վերացնելու և հասարակական ուժն ամրապնդելու համար, որպեսզի մարդկության ընդհանուր ճակատագրի համայնքի կառուցման հիմքն ավելի ամուր լինի։

Նշենք, որ Լրատվամիջոցների համագործակցության ֆորումը համատեղ կազմակերպվել էր «Ժենմին Ժիբաո» թերթի խմբագրության, Յուննան նահանգի Չինաստանի Կոմունիստական կուսակցության կոմիտեի և Յուննան նահանգի ժողովրդական կառավարության կողմից։ Ֆորումն անցկացվել է «Քաղաքակրթությունների միջև փոխադարձ ուսուցման խթանման գործում լրատվամիջոցների համատեղ պատասխանատվությունը» խորագրի ներքո։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեդիա համագործակցության ֆորումը հաջողությամբ անցկացվել է ինը անգամ՝ 2014 թվականին հիմնադրվելուց ի վեր։

New Picture (1).jpg (69 KB)

New Picture (2).jpg (64 KB)

New Picture (3).jpg (62 KB)

New Picture.jpg (62 KB)