Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և հրեական պետության այլ առաջատար քաղաքական գործիչներ Գազայի հատվածում ցեղասպանություն են հրահրել պաղեստինցի ժողովրդի նկատմամբ։ Նման եզրակացության են եկել ՄԱԿ-ի միջազգային հանձնաժողովի փորձագետները՝ Պաղեստինի օկուպացված տարածքներում, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում և Իսրայելում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության շրջանակներում։
«Հանձնաժողովը նաև եզրակացրել է, որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն և այն ժամանակվա պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ցեղասպանություն են հրահրել և որ Իսրայելի իշխանությունները չեն պատժել նրանց դրա համար», - ասվում է հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ: ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ իրենք չեն վերլուծել բոլոր իսրայելցի քաղաքական գործիչների հայտարարությունները:
Հանձնաժողովի նախագահ Նավի Փիլլայի խոսքով, միջազգային հանրությունը «չի կարող լռել Գազայում պաղեստինցի ժողովրդի դեմ Իսրայելի սանձազերծած ցեղասպանության արշավի մասին»։ «Երբ ցեղասպանության մասին ակնհայտ նշաններ և ապացույցներ են ի հայտ գալիս, այն դադարեցնելու համար գործողությունների բացակայությունը համահունչ է հանցակցությանը»,- ընդգծել է նա։
ՄԱԿ-ի Պաղեստինի հարցերով միջազգային հանձնաժողովը ստեղծվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) կողմից 2021 թվականին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրմանը նախորդած միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների մասին ենթադրյալ խախտումները հետաքննելու համար, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի մայիսին։ Երեք անդամից բաղկացած հանձնաժողովի մանդատը հետագայում ընդլայնվել է՝ ներառելով տարածաշրջանում անկայունության արմատական պատճառների և հակամարտության տևողության հետաքննությունը։





























