Քալիֆորնիայի համալսարանները հունվարի 26-ին միաժամանակյա լուռ ցույց կանցկացնեն քաղաքի իրենց համալսարաններում: Այս մասին տեղեկացնում է «Asbarez»-ը:

Ցույցերը, որոնց համակարգողն է Քալիֆորնիայի համահայկական ուսանողական ասոցիացիան, կկայանանԼոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանում, Հարավքալիֆորնիական համալսարանում, Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանում, Իրվայնի Քալիֆորնիական համալսարանում, Սանտա Բարբարայի Քալիֆորնիական համալսարանում, Ռիվերսայդի Քալիֆորնիական համալսարանում, Բերքլիի Քալիֆորնիական համալսարանում, Լոյոլա Մերիմաունտ համալսարանում, Արեւմտյան քոլեջում, Նորթրիջի Քալիֆորնիա նահանգի համալսարանում, Լոս Անջելեսի Քալիֆորնիա նահանգի համալսարանում եւ Գլենդել համայնքի քոլեջում: Միջոցառմանը կմասնակցեն նաեւ Երիտասարդության հայկական դաշնության եւ ՀՅԴ Դաշնակցության «Շանթ» ուսանողական ասոցիացիայի անդամներ:

«Ժխտման կեղտաբիծը» անվանումով միջոցառումը նպատակ ունի ուսանողական քաղաքների բնակիչներին առավել իրազեկել Հայոց ցեղասպանության մասին եւ ուղղված է Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականության դեմ:
Համահայկական ուսանողական ասոցիացիան համագործակցել է  ուսանողական քաղաքների տարբեր կազմակերպությունների հետ` արդարադատության շարունակական ճնշման դեմ բողոք արտահայտելու համար: Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո կազմակերպությունը պահանջում է, որպեսզի Միացյալ Նահանգների կառավարությունը դիմակայի Թուրքիայի կողմից քաղաքական դատարկ սպառնալիքներին եւ հարկ եղած կերպով դատապարտի Հայոց ցեղասլանությունը: Միացյալ նահանգները, Ֆրանսիայի օրինակին հետեւելով, պետք է շարունակի Ցեղասպանության ժխտման դեմ պայքարը եւ մերժի բերանը փակելու թուրքական քաղաքականությունը: