Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը անտրամաբանական է համարում կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» պահվածքը: ԲՀԿ-ն այսօր միացել է ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնությանը եւ դիմել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` խնդրելով խորհրդարանական լսումներ հրավիրել ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ:

Հովհաննես Սահակյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով ԲՀԿ-ի քայլը, ասաց. «Երբ ընտրական օրենսգիրքը քննարկեցին եւ լրամշակված, փոփոխված տարբերակով ներկայացրինք Ազգային Ժողովի դատին, դա կոալիցիոն սկզբունքով արվեց: Մեր գործընկերները` ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց անդամների կողմից ստորագրեցին, եւ ներկայացրեցինք: Ընդ որում, ընդամենը վեց ամիս առաջ: Այսօր, թերեւս քաղաքական որեւէ բան չի փոխվել, որպեսզի այդ լրամշակված տարբերակը մեկ անգամ եւս լրամշակենք եւ փոփոխենք: Թե ինչի համար է միացել մեր կոալիցիոն գործընկերը, մեզ համար չասեմ անակնկալ է, պարզապես անտրամաբանական է: Անհասկանալի է գոնե ինձ համար»:

Ըստ պատգամավորի, վեց ամիս առաջ ընդունված ԸՕ տարբերակը կրկին փոփոխություններ ենթարկելու իմաստը չկա: «Միացել է, միգուցե քաղաքական դրդապատճառներ կան: Իսկ լսումների մասով ասեմ, որ ՀՀԿ-ն արտահայտել է իր տեսակետը եւ այսօր էլ նույն դիրքորոշմանն է, մենք այսօրվա օրենսգիրքը քննարկել ենք մեր կոալիցիոն գործընկերների հետ եւ փոփոխություններ արել: Այսօր փոփոխելը ոչ ճիշտ է: Եւ ոչ ճիշտ ժամանակն է, ընտրություններին մնացել է երկու ամիս, քարոզչական փուչիկ փչել եւ հասարակության ուշադրությունն այդպես գրավելը, կարծում եմ, ավելի վատ հետեւանք է ունենալու, ավելի վատ արձագանք, որովհետեւ ժողովրդի մեջ անվստահություն մտցնելով` մենք ընտրական պրոցեսները ոչ մի լավ տեղ չենք ուղղորդում: Լավ կլիներ, որ երբ քննարկում էինք, այն ժամանակ մտածեին եւ հարցադրումներով հանդես գային»,- նշել է պատգամավորը: 

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները համատեղ դիմել են Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` խնդրելով խորհրդարանական լսումներ հրավիրել ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ: Դիմումը ստորագրել են «Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանը, ՀՅԴ-ից` Արտյուշա Շահբազյանը, ԲՀԿ-ից` Արամ Սաֆարյանը: