Ադրբեջանի Լենքորանի շրջանի Նարիմանաբադ գյուղում իրադրությունը շարունակում է լարված մնալ, քանի որ ձկնորսները պատրաստվում են իրենց իրավունքների վերականգնման համար բողոքի ակցիաներ կազմակերպել տեղական իշխանությունների դեմ: Այդ մասին հաղորդում է «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով Լենքորանի իր աղբյուրները:
«Մենք պահանջում ենք, որ մեզ թույլ տան զբաղվել ձկնորսությամբ եւ բացի այդ, թող ազատ արձակեն ձերբակալված չորս ձկնորսին: Բոլորս մեկ մարդու պես կմասնակցնենք ակցիային: Ձկնորսությամբ զբաղվելու համար Պետական սահմանային ծառայության Լենքորանի ներկայացուցիչները ձկնորսներից գումար են պահանջում, ով է նման բան տեսել»,-հայտնել է բնակիչներից մեկը:
Աղբյուրը նաեւ հայտնում է, որ բարկացած բնակիչները պատրաստվում են իրենց պահանջների չկատարման դեպքում փետրվարի 5-ին բողոքի ակցիա կազմակերպել գյուղի կենտրոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Լենքորանի շրջանում ադրբեջանական զորքեր էին տեղակայվել, քանի որ Նարիմանաբադ գյուղում բախումներ էին սկսվել տեղաբնիկների եւ զինվորականների միջեւ: Զինվորականները ձկնորսներից մեծ գումար էին պահանջել, որպեսզի թույլ տա նրանց մոտենալ ծովին: Դրա հետեւանքով տեղաբնիկների համբերության սպառվել էր, եւ նրանք հաշվեհարդար փորձել էին տեսնել զինվորների հետ: Սկսված բախումների արդյունքում ավանում ծանր իրադրություն է ստեղծվել, մեկ մարդ զոհվել է, զինվորներից մեկին էլ գերի են վերցրել: Այդ իրադարձությունից հետո չորս ձկնորս ձերբակալվել էր:




























