Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ սահմանադրական կարգը տապալելու փորձին աջակցել է Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Georgia Online-ը։
Նրա կարծիքով, Վրաստանում Եվրամիության դեսպանը պետք է դուրս գա և խստորեն դատապարտի Թբիլիսիի փողոցներում տեղի ունեցող ամեն ինչ։
Ըստ Կոբախիձեի, մայրաքաղաքի փողոցներում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է Եվրամիության դեսպանը։
«Դուք գիտեք, որ կոնկրետ մարդիկ նույնիսկ արտերկրից ուղղակի աջակցություն են հայտնել սահմանադրական կարգը տապալելու հայտարարված փորձին։ Մասնավորապես, հանդես է եկել Եվրամիության ներկայացուցիչը, որը աջակցել է այդ փորձին։ Այսինքն՝ հենց այդ կարգախոսով է հայտարարվել ակցիան, և այդ ակցիային աջակցել է Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը։
Այս ֆոնին առանձնահատուկ պատասխանատվություն է կրում նույն այդ դեսպանը։ Թող բարեհաճի դուրս գալ և խստորեն դատապարտել Թբիլիսիի փողոցներում տեղի ունեցող ամեն ինչ։ Դա նրա ուղիղ պատասխանատվությունն է՝ այն պայմաններում, երբ մենք տեսել և ուղղակիորեն լսել ենք սահմանադրական կարգը տապալելու փորձին աջակցող հայտարարություններ։ Տեսնենք՝ ինչ արձագանք կունենա սա», — ասել է նա։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, խոսելով մայրաքաղաքում ընթացող բողոքի ակցիայի մասին, հայտարարել է, որ բռնության բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի համաձայն։
Նրա վկայությամբ, մի քանի իրավապահ աշխատակիցներ վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկի վիճակը շատ ծանր է։
«Ինչ վերաբերում է բռնություն գործած անձանց, մենք մի քանի անգամ նախազգուշացրել ենք, որ չդիմեն նման քայլերի։ Դրան կհետևի համապատասխան արձագանք։ Ակնհայտ է, որ բռնության բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի համաձայն, բոլորը կստանան օրենքով սահմանված պատասխանը։
Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների աշխատակիցներին, ապա մի քանի աշխատակիցներ վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկի վիճակը շատ ծանր է։ Մաղթում եմ նրան առողջություն։ Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները անում են ամեն ինչ, որպեսզի նա ապաքինվի», — ասել է նա։





























