Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում գտնվող քարի հանքի վագոն-տնակում կախվելու միջոցով ինքնասպան եղած 57-ամյա Արմենակ Կարախանյանը թուլություն է ունեցել ալկոհոլի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 24-ին, ժամը 18:05-ին քաղաքացին ահազանգել է ոստիկանություն, որ Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում գտնվող քարի հանքի վագոն-տնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նշված 57-ամյա Արմենակ Կարախանյանը: Մեկնած խումբը պարզվել է, որ ժամը 12-ի սահմաններում, Արմենակ Կարախանյանը ինքնասպան է եղել վագոն-տնակի պատուհանի փեղկի բռնակից, պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեռեւս կատարվածի դրդապատճառներն անհայտ են, հանգամանքները պարզվում են: Ոստիկանությունը քննություն է սկսել:
Հետաքրքիր էր սույն դեպքի շուրջ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի գյուղապետ Նշան Միսակյանի արձագանքը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Արմենակ Կարախանյան անվամբ մարդ չեն ճանաչում: «Նման անձնավորություն մեր գյուղում չկա: Ես տեղյակ չեմ, որ մեր գյուղում ինքնասպանություն է տեղի ունեցել: Ե՞րբ է եղել, ո՞վ է ինքնասպան եղել: «Դեմեր» կոչվող տարածք մեր գյուղում կա, բայց ինքնասպանության ու Արմենակ Կարախանյան անվան մասին առաջին անգամ եմ լսում»,- իր զարմանքն արտահայտելով արձագանքեց գյուղապետը: Ինքնասպանվածի բնակության վայրը եւ նրա մասին մանրամասներ ստանալու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության Արագածոտնի վարչության պետ Գոռ Ալեքսանյանը: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Դեմեր» կոչվող տարածքում խնձորի մեծ սառնարան կա, ինչպես նաեւ չգործող քարի հանք եւ Արմենակ Կարախանյան չգործող քարի հանքի սարքավորումներին պահակություն է արել ու միաժամանակ բնակվել տեղի դոմիկ տնակում:
«Այդ տարածք հասնելու համար պետք է Օհանավան գյուղով անցնես: Կարախանյանը ծնունդով Վրաստանից է: Նրա մոտից հին սովետական նմուշի վրացական անձնագիր է հայտնաբերվել: Այստեղ բարեկամներ ունեցել է, բայց ընտանիքի մասին տեղեկություններ չկան»,- պարզաբանեց Գոռ Ալեքսանյանը: Ի դեպ, նրա հարեւանությամբ բնակվող խնձորի սառնարանների պահակը պատմել է, որ Արմենակ Կարախանյանը մեկ-մեկ դուրս է եկել տնակից` մի քանի կտոր հաց հայթայթելու համար: Ինչպես նաեւ պատմել, որ շատ ինքնամփոփ եւ մելանխոլիկ մարդ է եղել եւ միայն իր հետ է շփվել:
Հարեւանությամբ ապրող պահակի պատմելով, Արմենակ Կարախանյանն ամեն օր խմել է: Գոռ Ալեքսանյանից տեղեկացանք, որ սույն գործով, ներկա պահին քրեական գործ չի հարուցվել, որովհետեւ բռնության ոչ մի հետք չի հայտնաբերվել:
Հարցին, թե դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստացվե՞լ են, պարզելու համար, թե Արմենակ Կարախանյանն ինքնասպանության դիմելիս ալկոհոլի ազդեցության տա՞կ եղել է, թե` ոչ, նա պատասխանեց. «Դեպքը եղել է երկու օր առաջ, հետեւաբար դեռ դատաբժշկական փորձաքննության արդյունքների պատասխանները չունենք: Այդ պատճառով այս պահին չեմ կարող պաշտոնապես որեւէ բան ասել»:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը



























