Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի համար միջուկային վառելիքը հավանաբար կմատակարարվի օդով: Այս մասին ասվում է հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մեջ, որը հրապարակել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարությունը: 

Դեռեւս 2001 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հաստատել էր ռադիոակտիվ նյութերի տեղափոխման կարգը: Մոտ ապագայում կառավարությունը մտադիր է ավարտել ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարությունը Միջուկային անվտանգության համագործակցության գործիքի (INSC) աջակցությամբ: Մինչեւ նոր էներգաբլոկի շահագործումը, կառավարությունը կմշակի նաեւ ռադիոակտիվ թափոնների տեղափոխաման եւ տնօրինման նոր օրենսդրություն: 

Նոր վառելիքը պետք է փոխադրվի բեռնատար մեքենաներով, սակայն  պետք է հարմարեցված լինի նաեւ երկաթուղային տեղափոխման համար: Ամենայն հավանականությամբ, այն տեղ կհասցվի օդով` հաշվի առնելով ռադիոակտիվ տվյալ վառելիքի բեռնափոխադրումների հնարավոր սահմանափակումները: Գործընթացի մանրամասները կմշակվեն այն ժամանակ, երբ կորոշվի վառելիքի մատակարարը:

Վառելիքի մնացորդը կեփվի CO2-ում եւ կկնքվի ցիրկոնիումի ցածր օքսիդացման համաձուլվածքներով (ZIRLO): Նախքան տեղափոխումը այն պետք է  ԱԷԿ-ի վառելիքի մնացորդային ավազանում մնա նվազագույնը հինգ տարի: Դրանից հետո այն կտեղափոխվի հատուկ տարաներով: Տեղափոխումը կկատարվի հատուկ մեքենաներով եւ հատուկ ճանապարհներով` ԱԷԿ-ի տարածքի շրջանակներում (3 կմ-ից ոչ պակաս հեռավորության վրա): Այդտեղ այն կվերամշակվի, իսկ ստացված բարձր ռադիոակտիվ թափոնները կթաղվեն թունանյութերի գերեզմանոցում, որի վայրը դեռ որոշված չէ: Թափոնները տեղափոխման ենթակա են միայն պինդ վիճակում: Թույլատրելի չափը գերազանցող ճառագայթում ունեցող հեղուկ թափոնները կխտացվեն եւ կչեզոքացվեն կայանի սահմանների ներսում:

Երբ Հայաստանի համար հասանելի դառնա սահմանից դուրս թաղելը, մնացորդային վառելիքը սահմանից կհանվի` անհրաժեշտ պայմանների պահպանմամբ: