Միամանդատ ընտրատարածքները գտնվում են օլիգարխների իրավասության տակ: Հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը, ավելացնելով, որ ընտրական հանձնաժողովները լիովին ձեւավորվում են տեղի ազդեցիկ մարդկանց շրջապատից:
«Հանձնաժողովը նվիրվում է այն օլիգարխին, որը վերահսկում է այս կամ այն «գոտին»: Այդպես էլ ահա տեսնում ես հանկարծ այնտեղ օլիգարխի վարորդին, նրա գործակատարին, թիկնապահին: Արդյունքում մտածում ես, որ մտնում ես ոչ թե ընտրատարածք, այլ օլիգարխի ընդունարան: Սա ընտրություն չի», - ասել է Իգիթյանը:
Ըստ նրա` հենց այս միամանդատ ընտրատարածքներում էլ իշխող կուսակցությունը կփորձի անցկացնել ազդեցիկ եւ պետքական, բայց ոչ հանրահայտ մարդկանց: «Իշխող կոալիցիան գիտակցում է, որ իր ցուցակում օլիգարխներ ունենալով, կորցնում է իր հեղինակությունը: Դրա համար էլ նման թեկնածուներին կարելի է անցկացնել միամանդատ շրջաններում», - նշել է ընդդիմադիրը:




























