«Յունիբանկը» ձեռնամուխ է եղել մի շարք քարտային նախագծերի իրականացմանը, որոնք ուղղված են բանկի քարտապանների համար լոյալության իննովացիոն ծրագրերի իրականացման միջոցով մանրածախ բանկինգի զարգացմանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Բանկն իր հաճախորդներին առաջարկում է  «Մագնիս» ծրագիրը, որի շնորհիվ քարտապաններին կտրամադրվի  մի շարք առավելություններից օգտվելու   եւ  առօրյա ծախսերը էապես կրճատելու հնարավորություն:

Զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս բանկի քարտապանները ծրագրի գործընկեր կազմակերպություններից կստանան արտոնություններ` զեղչ կամ բոնուս:  Կուտակված բոնուսները հաճախորդները կարող են ծախսել որպես սովորական դրամ` 1 բոնուս/1 դրամ փոխարժեքով:  «Մագնիս» ծրագրի մասնակից դառնալու եւ արտոնություններից օգտվելու համար բանկի հաճախորդներին հարկ չկա ձեռքբերել հատուկ քարտ: Զեղչերը եւ բոնուսները կտրամադրվեն «Յունիբանկի» քարտով վճարումներ կատարելիս:  «Բանկի բոլոր քարտապաններն ինքնաբերաբար դարձել են ծրագրի մասնակից եւ կարող են ծրագրի գործընկեր կազմակերպություններից ստանալ բոնուսներ եւ զեղչեր: Բոնուսային համակարգը նախատեսվում է գործարկել այս տարվա փետրվարից: Հենց որ նման ծառայությունը հասանելի դառնա հաճախորդների համար, «Յունիբանկը սովորական բանկային քարտերը անվճար կփոխարինի չիպային բազմաֆունկցիոնալ քարտերով», - նշեց «Յունիբանկի» հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման գծով տնօրեն Սամվել Վարդանյանը:

Այսօրվա դրությամբ «Մագնիս» ծրագրի գործընկերային ցանցը բաղկացած է տարբեր ոլորտները ներկայացնող եւ եկամտի ամենատարբեր մակարդակային նիշ ունեցող նպատակային խմբերի սպասարկող մոտ 80 կազմակերպություններից`   խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ, ռեստորաններ, բժկական հաստատություններ եւ այլն: Գործընկերների ընտրության հիմնական չափանիշներն են հաճախորդամետ մոտեցումը եւ սպասարկման համապատասխան որակը: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված «Magnis» նշանը:

«Յունիբանկն» իր հերթին բոնուսներ կշնորհի բանկային ծառայություններից օգտվելու եւ ծրագրում ակտիվ մասնակցության համար: Ծրագրի մասնակից քարտապանների համար բանկը սահմանել է նաեւ բարձր տոկոսադրույք քարտային հաշվի մնացորդի համար: Դրա հետ մեկտեղ, քարտապաններն հնարավորություն են ստանում մասնակցելու ծրագրի գործընկեր կազմակերպությունների բոլոր ակիցաներում եւ մրցանակների խաղարկություններում: Առաջին անգամ Հայաստանում կուտակված  բոնուսները, ցանկության դեպքում,  կարելի է նվիրել ծրագրի այլ մասնակցի` նրա քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

Ծրագրի մասնակիցների համար պատրաստվել է հատուկ կայք` www.magnis.am, որում յուրաքանչյուր քարտապանի համար նախատեսված է գաղտնաբառով պաշտպանված անձնական էջ` «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» ծառայության միջոցով քարտային հաշվի հետ աշխատելու համար: Իր էջում հաճախորդը կարող է ստանալ ամբողջական տեղեկատվություն ծրագրում իր մասնակցության վերաբերյալ, ստուգել հաշիվը կամ, օրինակ, լրացնել ընկերոջ հրավերով ծրագրի մասնակցության հայտը: