Մեծ Բրիտանիան 20 միլիոն ֆունտ ստերլինգի (27 միլիոն դոլար) օգնության փաթեթ կտրամադրի՝ Գազայի հատվածում ջրի, սանիտարական և հիգիենիկ ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ հայտնում է Reuters-ը։
Կառավարությունը նաև նշել է, որ ֆինանսավորումը կտրամադրվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) և Նորվեգիայի փախստականների խորհրդի միջոցով: Օգնությունը նախատեսված է սովից և հիվանդություններից տառապողներին:
Բացի այդ, Մեծ Բրիտանիան կհյուրընկալի Գազայի վերականգնմանը նվիրված եռօրյա գագաթնաժողով, որին կմասնակցեն կառավարությունների, մասնավոր հատվածի և զարգացման ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Համաշխարհային բանկը։
Մեծ Բրիտանիան այս ֆինանսական տարում արդեն 74 միլիոն ֆունտ ստեռլինգ մարդասիրական օգնություն է տրամադրել Պաղեստինին՝ սեպտեմբերին այն պաշտոնապես որպես պետություն ճանաչելուց հետո։
Հավելենք, որ Քեյր Սթարմերն արդեն ժամանել է Եգիպտոս՝ համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար, որը նվիրված է հակամարտության դադարեցմանը և տեղի կունենա երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 13-ին։





























