Դաշնային դատավոր Տանյա Չատկանը կասեցրել է հաղթական կամարի շինարարական աշխատանքները, որը Դոնալդ Թրամփը նախատեսում է կառուցել Վաշինգտոնում՝ Արլինգթոնի ազգային գերեզմանատան մուտքի մոտ։

Թրամփի ծրագիրը հավանության արժանացնելու մասին դաշնային հանձնաժողովի որոշումը թույլ կտար շինարարությունն սկսել արդեն նոյեմբերի 6-ի առավոտյան՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ մայրաքաղաքի պլանավորման ազգային հանձնաժողովը (որը հավատարիմ է Թրամփին) հավանություն տվեց 76 մետրանոց հաղթական կամարի կառուցման նախագծին։

Սակայն դատավոր Տանյա Չատկանի՝ նախորդ երեկոյան կայացրած որոշմամբ շինարարությունը կասեցվել է 14 օրով։ Այդ ընթացքում դատական ատյանները, ի թիվս այլ հարցերի, պետք է քննեն կամարի կառուցման դեմ ավելի վաղ ներկայացված հայցերը, որոնք առաջադրել են մի խումբ վետերաններ, ինչպես նաև Կոլումբիայի օկրուգն ու Վիրջինիայի նահանգը համատեղ։

Հայցերում պնդվում էր, որ կամարի նախագիծը մշակելիս շրջանցվել են բնապահպանական և պատմական փորձաքննությունները, ինչպես նաև այն, որ շինարարության համար անհրաժեշտ էր Կոնգրեսի հատուկ թույլտվությունը, որի համար Թրամփի վարչակազմը չէր դիմել։

Իր որոշման մեջ դատավոր Տանյա Չատկանը նշել է, որ կամարի կառուցումը պահանջում է Կոնգրեսի հավանությունը և կարող է թանկ նստել թե՛ Կոլումբիայի օկրուգի, թե՛ Վիրջինիայի նահանգի վրա, ինչպես նաև խոչընդոտել Արլինգթոնի գերեզմանատան մերձակայքում տրանսպորտային երթևեկությանը։

Ներկայացնելով կամարի նախագիծը՝ Թրամփը, ի թիվս այլ բաների, հայտարարել էր, որ այն անհրաժեշտ է մայրաքաղաքի անվտանգության համար, և մտադիր էր կամարը վերածել «ռազմական համալիրի», որտեղ կտեղակայվեն դիպուկահարներ և անօդաչու թռչող սարքեր։

Իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում Դոնալդ Թրամփը սկսել է Սպիտակ տան լայնածավալ վերակառուցումը։ Մասնավորապես, նրա ծրագրերում է Արևելյան թևի վերակառուցումը, որտեղ նա ցանկանում է կառուցել 300 միլիոն դոլար արժողությամբ նոր պարահանդեսների սրահ՝ նախկինից ավելի մեծ տարողությամբ։ Սկզբում խոսքը միայն Արևելյան թևի մասնակի ապամոնտաժման մասին էր, սակայն հետո Թրամփը որոշեց այն ամբողջությամբ քանդել։ Ըստ The Washington Post-ի՝ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տան վերակառուցման վրա ծախսել առնվազն 900 միլիոն դոլար։