Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը նախազգուշացրել է, որ Գազայի պատերազմը չի ավարտվի, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը չի զինաթափվել, իսկ պաղեստինյան տարածքը չի ապառազմականացվել։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Նրա հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինված թևը՝ «Էզզեդին ալ-Քասսամ» բրիգադները, շաբաթ երեկոյան փոխանցել են ևս երկու պատանդի մասունքներ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի շրջանակում։

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Կարմիր խաչի խումբը ստացել է երկու պատանդի մասունքները և փոխանցել Իսրայելի ուժերին Գազայում, որտեղից դրանք կտեղափոխվեն Իսրայել՝ նույնականացման նպատակով։

Գազայում դեռևս գտնվող զոհված պատանդների հարցը դարձել է հրադադարի առաջին փուլի իրականացման հիմնական խոչընդոտը։ Իսրայելը Ռաֆահի հիմնական անցակետի վերագործարկումը կապում է պատանդների մասունքների վերադարձի հետ։

Վարչապետ Նեթանյահուն ընդգծել է, որ հրադադարի երկրորդ փուլի ավարտը վճռորոշ է պատերազմի ավարտի համար և ենթադրում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում ու Գազայի ապառազմականացում։

«Երբ դա հաջողությամբ ավարտվի — հուսով եմ՝ հեշտ ճանապարհով, բայց եթե ոչ, ապա դժվարով — այդ ժամանակ պատերազմը կավարտվի», — ասել է նա իսրայելական 14-րդ ալիքով ելույթի ժամանակ։

ՀԱՄԱՍ-ը մինչև այժմ դիմադրել է այդ գաղափարին և մարտական գործողությունների դադարից հետո քայլեր է ձեռնարկել՝ վերահսկողությունը Գազայի նկատմամբ վերականգնելու ուղղությամբ։