Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով՝ ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Գյումրու քաղաքապետարան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցների մոտք գործելուց հետո  հիշեցրել է փաստաբան Արամ Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե որևէ մեկը գիտի Եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել: Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբինից հայտարարել էր. «Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ խնդիր ունենք այնտեղ։ Գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք, որ հետագայում բացառենք նման դեպքերը, որ  մարդիկ  ընտրակաշառք բաժանելով...  Վերջում էլ, ըստ էության, թյուրիմացաբար դառնան, հասնեն այդ կարգավիճակին։ Դա թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի... և երևույթը և հայտարարությունը, և հեղինակը»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այսօր վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկ ջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին միայն հետեւյալը. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ: Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարաին 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կշառք ստանալուև տալու մեղադրանքներով։