Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չպետք է խախտեր օրենքը։ Այս մասին հոկտեմբերի 20-ին Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ղուկասյանի ձերբակալությունը։
Ըստ պատգամավորի՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնում Ղուկասյանի ընտրության հետ կապված «թյուրիմացությունը շտկելու» մտադրության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի ազդել իրավապահ մարմինների աշխատանքի վրա:
«Քաղաքապետի և նրա շրջապատի նկատմամբ հետաքննությունները ընթացել են ներկայիս իրադարձություններից առաջ», - ասել է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և ևս յոթ անձ ձերբակալվել են կաշառակերության մեղադրանքով: Քննիչների տվյալներով՝ քաղաքապետը և քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը համաձայնության են եկել չքանդել Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող մոտ 1500 քառակուսի մետր մակերեսով ապօրինի շինությունը՝ պահանջելով և ստանալով սեփականատիրոջից մոտ 10,000 դոլար:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1-ին, խորհրդարանում ելույթ ունենալիս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդան Ղուկասյանին մեղադրել էր ընտրողներին կաշառելու մեջ։ Ավելին, նա Ղուկասյանի ընտրությունը «թյուրիմացություն» էր անվանել։ Կառավարության ղեկավարը նաև հայտարարել էր, որ մտադիր է «շտկել» այս իրավիճակը։





























