Անիրավների ճանապարհը խավարի նման է. նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղվում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Գյումրու նախկին քաղաքապետ Սարիկ Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Թե բա` «ՔՊ ավագանու անդամների ունեցածները հանենք, պահենք (շանտաժ անելու համար), որ վախեցնենք, թե չէ չեն թողնի աշխատենք»:

Ո՛չ շանտաժը, ո՛չ սուտ մատնությունը չեն կարող մեզ շեղել ազատ, ինքիշխան Հայաստանի կերտման ու զարգացող Գյումրի ստեղծելու գործընթացներից:

Հին հայկական ասացվածքն ասում է.

«Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում»»։

Նշենք, որ քիչ առաջ դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ տարան քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ուժայինները նաև կոտրեցին ապակիները։ Երբ Վարդան Ղուկասյանին վազելով տանում էին դեպի ավտոմեքենան, նա ժպտում էր։։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, որոնց թիվը գնալով շատանում էր։

Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել էին և դռան մոտ զինված ոստիկաններ էին կանգնած։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։