Հարավային Կովկասում հայկական բանակի մարտական ներուժն ավանդաբար բարձր է գնահատվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռուսասատնի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովը:
Նրա խոսքով` այդ առումով Հարավային Կովկասում որոշակի հավասարություն է ձեւավորվել Հայաստանի եւ Ադրբեջանի բանակների միջեւ: «Հայտնի է, որ Հայաստանի ռազմական բյուջեն ավելի փոքր է, քան Ադրբեջանինը, առավել եւս, որ Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում է սեփական ռազմաարդյունաբերական համալիրը: Կարեւոր է հասկանալ, որ այսօր իրավիճակը փոքր-ինչ այլ է,քան 90-ականներին, եւ հայկական կողմը չպետք է շատ հենվի նախկին տարիների փորձի վրա, հավասարակշռությունը փոխվել է»,-ասաց քաղաքագետը: Սկակովի կարծիքով` նույն այդ հավասարության շնորհիվ Բաքվում այսօր հասկանում են, որ ղարաբաղյան բլիցկրիգի սցենարն առաժմ իրականանալի չէ:
«Սակայն եթե այնպես լինի, որ Բաքվում հաշվարկեն, որ կարող են երկու շաբաթվա ընթացքում վերցնել Լեռնային Ղարաբաղը, ապա իրադարձությունների նման զարգացումը հավանական կարող է լինել»,-նկատեց զրուցակիցը` ավելացնելով, որ տվյալ պահին դա իրատեսական չէ: «Ի՞նչ կլինի 5, 10 տարի հետ»,- հարցադրումով ավարտեց զրույցը քաղաքագետը:



























